Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Բումերանգ

Բումերանգ
05.10.2018 | 03:00

Շտապօգնության մեքենան չընդհատվող ազդանշանով մտավ հիվանդանոցի բակ: Մի քանի բժիշկ արդեն մուտքի մոտ սպասում էին: Հետաքրքրասերները մոտեցան պատուհաններին:
-Էս թանկ հիվանդն ո՞վ է,- կատակեց բուժքույրերից մեկը:- Մենակ թե վճարովի լինի, թե չէ էս անտեր պետպատվերից խեր չկա:
-Վա՜յ, նայի՛ր, մեր պրոֆեսորն է՝ քաղցկեղով հիվանդների Գաբրիել հոգեառը,- առանց տխրության նշույլի պատասխանեց ուռուցքաբանության բաժանմունքի ավագ բուժքույրը:
Պատգարակից ուռուցքաբանության պրոֆեսոր Գաբրիել Գաբրիելյանը երկյուղած հայացքով նայեց իր կոլեգաներին: Կարծես ուրախ չէր, որ իր բաժանմունքն են բերել ու տարակուսած գործընկերներին էր նայում: Բոլորը հասկացան, որ պրոֆեսորի անթաքույց տագնապը մարմնական ցավից չէր, այն ավելի շուտ նման էր թակարդն ընկած վիրավոր գիշատիչ կենդանու սարսափին:
-Ախտորոշումը պարզ է՝ քաղցկեղի վերջին ստադիա, ընդամենը օրերի խնդիր է,- հերթապահ բժշկին ասաց բաժնի վարիչը և գրեց այն դեղատոմսը, ինչը պրոֆեսոր Գաբրիելյանը գրում էր գրեթե բոլոր ուռուցքային հիվանդներին՝ զգուշորեն թաքցնելով բարորակ ուռուցքների բուժման հնարավորությունը:


Բժիշկները հենց առաջին ամիսներից գլխի էին ընկել, որ Գաբրիելյանը, բարորակ ուռուցքների դեպքում էլ հիվանդի տերերին դատավճռի պես հայտարարում էր՝ «Քաղցկե՛ղ է, ինչքան շուտ դեմն առնենք, այնքան լավ: Կրկնակի անալիզներ կանենք, որ ստույգ համոզվենք: ՈՒրեմն, այս փողոցի անկյունում կանաչ դեղատուն կա, որի դեղերը ամենալավն են ու չկեղծված: Կգնաք և իմ անունից կասեք: Մի քանի օրից վիրահատելու ենք, նախապես կտաք հազար դոլար: Իսկ դրանից անմիջապես հետո կուղարկենք քիմիայի: Որ էն լավ ու չցավեցնող դեղերից առնեք քիմիայի համար, առաջին անգամվանը երեք հազար դոլար: Չմոռանաք՝ նույն դեղատնից»:
Կոլեգաները ստիպված լռում էին: Գաբրիելյանը նախարարությունում ու ավելի վերևներում ամենազոր բարեկամներ ուներ: Վախենում էին նրան հակառակվել, մանավանդ երկու բժշկի հեռացնել տվեց ոլորտից իր հետ ընդհարվելու համար: Մեկին էլ հոգեբուժարան ուղարկեցին: Հիվանդության իսկական պատմությունը կեղծում էր. քաղցկեղը կա՛ ու կա՛: Իսկ երբ հիվանդը սխալ բուժումից մահանում էր, նա, հիվանդության կեղծված պատմությունը ձեռքին, արդարանում էր. «Աշխարհում դեռ ոչ ոք քաղցկեղ չի բուժել, շնորհակալ եղեք, որ այսքան երկարացրի նրա կյանքը: ՈՒզում եմ թաղման գործում էլ ձեզ օգնել՝ հուղարկավորության համար օգտվեք այս ծառայությունից, կվճարեք ընդամենը հազար դոլար»...


...Հերթապահ բժիշկը Գաբրիելյանին պատմեց իր ախտորոշման մասին: Չհավատաց, մտածեց, որ իրեն չսիրող կոլեգաները վրեժ են լուծում: Զանգեցին ուրիշ հիվանդանոցում աշխատող իր ծանոթ ուռուցքաբանին: Անմիջապես եկավ, նայեց անալիզները և հայացքով հասկացրեց, որ ախտորոշումը ճիշտ է. «Նույնիսկ հակացուցված է ինքնաթիռով Գերմանիա տեղափոխելը»: Իսկ հատուկ ուշադրության արժանացնելու նպատակով վերևից եկած հեռախոսազանգին գլխավոր բժիշկը կարճ պատասխանեց. «Մենք անզոր ենք այս հիվանդության դեմ, թեև մեր պարտքն է պրոֆեսորի կյանքի համար պայքարել մինչև վերջին վայրկյանը»: Մի պահ կամեցավ պրոֆեսորի համար զանգահարող բարձր պաշտոնյային ասել, որ Գաբրիելյանը մեծ վաստակ ունի, իրենք շատ են հարգում ու սիրում նրան, բայց լեզուն կապ ընկավ: Անմիջապես գլխի ընկավ, որ զանգահարողն էր միշտ փրկում մարդասպան պրոֆեսորին խայտառակ պատմություններից: Գլխավորն ամաչեց անգամ իր չասված մտքի համար: «Իմացե՛ք, մի փոքրիկ սխալը կարող է ճակատագրական լինել բոլորիդ համար, նա մե՛ր մարդն է»,- լսափողում հնչեց պաշտոնյայի սպառնալից խոսքը: Գլխավոր բժիշկը հիշեց նույն պաշտոնյայի հետ իր նախկին խոսակցությունը, երբ Գաբրիլյանը վերևների համար նախընտրելի տարբերակով սխալ բուժում էր նշանակել մի անցանկալի գործչի: Ինքն ընդդիմացել էր: Նրան զգուշացրել էին. «Չե՞ք մտածում, որ Ձեր մարմնում քնած քաղցկեղը, թաքնված ինֆարկտն ու ինսուլտը կարող են զարթնել»: Գլխավորը վախեցել էր ու լռել: Մանավանդ հեռախոսով անհայտ մի մարդ իր տղային ասել էր, որ կարող է ինքը պատահաբար մեքենայի տակ ընկնել: Ամեն անգամ Գաբրիելյանին տեսնելիս՝ գլխավորը մտքում կրկնում էր իր բաղձալի անեծքը. «Ե՞րբ է սատկելու՝ աչքովս տեսնեմ»: Եվ հիմա ժամ առ ժամ սպասում էր իրենց հիվանդանոցի «Գաբրիել հոգեառի» հոգու համբարձմանը: Նույնը մտածում էին մյուս բժիշկները, նարկոզ տվողը, քույրերը, չաղլիկ բուֆետապանը, վերելակը աշխատեցնող մեծահասակ կինը, հաշմանդամ պահակը... Սխալ բուժումից մահացածներից մեկի հայրը բողոքել էր: Վերևից փորձագետ եկավ: Չուշացավ վերևի հեռախոսազանգը: Փորձագետը, մեռելագույն տեսքով, լսափողը հազիվ դրեց հեռախոսին: Հետո ներողություն խնդրեց Գաբրիելյանից ու, առանց գլխավորի հետ զրուցելու, համարյա փախավ: Երկու օր հետո փորձագետն ուղարկեց իր եզրակացությունը պաշտոնական բլանկով. «Պրոֆեսոր Գաբրիել Գաբրիելյանի ախտորոշումը ճիշտ է»: Բոլորը վախից լռում էին, միայն թե շառից-փորձանքից հեռու մնան:.
Անցյալի ծանր հիշողությունները շիկացած երկաթի պես այրում էին Գաբրիելյանի սիրտը: Մորֆիով ցավազրկեցին: Կոպերը ծանրացան, հետո կյանքը կինոժապավենի պես կրկին շարժվեց աչքերի առջևով...


...Ներս մտնելուց հետո աշխատասենյակի դուռը դողդոջ ձեռքերով զգուշորեն ծածկեց ութսունն անց ծերունին:
-Պրոֆեսոր Գաբրիելյան, իմ միակ որդու աղիքում ուռուցք է հայտնաբերվել: Տունուտեղս կծախեմ, մենակ թե փրկես նրան,- արցունքների միջից աղերսեց ծերունին:
Ժամեր անց անալիզների պատասխանները ներկայացրին, երիտասարդի մոտ ընդամենը բարորակ գոյացություն էր, ինչը պարզ վիրահատությամբ կարելի էր վերացնել: Գաբրիելյանի ականջում դեռ հնչում էր ծերունու աղերսական խոսքը. «Տունուտեղս կծախեմ, մենակ թե փրկես նրան»:
-Պարզ ասեմ՝ անալիզների պատասխանները վատ են, քաղցկե՛ղ է, բայց ես ամեն ինչ կանեմ նրան տարիների կյանք պարգևելու: Ծերունուն տեղեկացրեց պայմանների մասին՝ վիրահություն, քիմիա, դեղեր... Ծերունին հաջորդ օրը վաճառեց այգին և ընտանի կենդանիները: Խոստացավ՝ եթե գումարը չբավարարի, տունն էլ կվաճառի: Մեկ տարում հետվիրահատական քիմիաներից տղայի մազերը թափվեցին, մարմինը հյուծվեց, դարձավ հաշմանդամ... Ծերունին վաճառելու այլևս ոչինչ չուներ, և հիվանդին դուրս գրեցին:


...Թեև մորֆին թմրեցրել էր պրոֆեսոր Գաբրիելյանին, բայց վերակենդանացման բաժանմունքի անկողնում ծերունու աղերսական հայացքը կարծես հազարավոր ասեղներով ծակծկում էր նրա մարմինը: Այդ ցավը մորֆիից զորեղ էր: Քիչ հետո ծանրացած կոպերի տակ շարունակվեցին անցյալի մյուս պատկերները...
...Երիտասարդ կնոջը հեռավոր շրջանից էին բերել: Լյարդի խնդիր ուներ, կոնքին ցավոտ ուռուցք էր գոյացել: Լյարդի և արյան հիվանդությունը բուժելու փոխարեն պրոֆեսորը միանշանակ ախտորոշեց. «Քաղցկե՛ղ է, հարկավոր է շտապ վիրահատել»: Սկզբում քիմիա չնշանակեց, որ մարմինը շուտ չհյուծվի, որ հնարավոր լինի մի քանի անգամ էլ վիրահատել: Մեկ տարում հինգ անգամ վիրահատեց, ամեն անգամ մոտ երկու հազար դոլար նախապես վերցրեց: Տունը վաճառեցին... Երբ զգաց, որ այլևս վիրահատել հնարավոր չէ, օրգանիզմն ամբողջապես հյուծվել է, և արդեն իսկական հիվանդությունը կոծկել հնարավոր չէ, նոր անալիզներ նշանակեց և հարազատներին հայտնեց. «Գիտե՛ք, ձեր հիվանդի մոտ լյարդի ամիլոիդոզ է հայտնաբերվել, որը Հայաստանում հնարավոր չէ բուժել: Դա մի քանի հարյուր հազարից մեկի մոտ է պատահում, վերջին անալիզով միայն պարզվեց: Հնարավոր չէ փրկել նրա կյանքը, լավ կլինի, որ տեղափոխեք տուն, թող իր ընտանիքում հոգին տա»: Հիվանդի ցավի վերջին ճիչը արթնացել էր իր ականջներում...


...Վերակենդանացման բաժանմունքի քույրը նկատեց պրոֆեսորի գալարումները և կրկին ցավազրկող ներարկեց: Մահամերձ հիվանդի վերջին ճիչը հանգիստ չէր տալիս, իսկ կոպերի տակ շարունակվում էին ծանր հուշերը...
-Կարելի՞ է, պրոֆեսոր,- աշխատասենյակի դուռը բացեց երիտասարդ մի կին՝ սլացիկ հասակով ու գեղեցկադեմ: -Որդուս մոտ ուռուցք է հայտնաբերվել, միանգամից այստեղ ենք եկել: Նա իմ միակն է, ու ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն թե փրկեք նրան:- Հուզմունքի մեջ կինն ավելի գեղեցիկ էր... Գաբրիելյանը մտքում կրկնեց կնոջ աղերսանքը. «Նա իմ միակն է, ու ես պատրաստ եմ ամեն ինչի»:
-Դուք այստեղ մնացեք, ես հիմա ռենտգենով կնայեմ, և անալիզներ կվերցնենք,- երիտասարդ մորը փորձեց հանգստացնել Գաբրիելյանը՝ աչքը չկտրելով կնոջ սլացիկ մարմնի ընդգծված բարեմասնություններից: Քիչ հետո վերադարձավ ռենտգեն կաբինետից: Թեև վտանգավոր ոչինչ չկար, բայց պրոֆեսորը շինծու թախիծով դիմեց կնոջը. «Ես ամեն ինչ կանեմ, որ փրկեմ նրա կյանքը»: Մայրը երախտագիտության զգացումով պատասխանեց պրոֆեսորի հուսադրող խոսքին:


-Որդուդ կվիրահատեմ երեք անգամ, պայմանները կասեմ մանրամասն,- կնոջ աչքերում համաձայնության նշան փնտրելով՝ ասաց Գաբրիելյանը: Նա կյանքում ոչ մեկին չէր սիրել ու կանանց նայում էր ընդամենը անասնական տռփանքի զգացողությամբ... Փողի չափն ասելուց հետո հայացքը կնոջ վայելչագեղ կրծքին սևեռվեց, իսկ միտքն արդեն անկողին էր որոնում. «Փողի հետ նաև գեղեցիկ մարմինդ էլ կվայելեմ»: Վիրահատությունից հետո կնոջը անկողին առաջարկեց... Երեխայի մայրը հոգեկան ցնցումների մեջ էր: Չհամաձայնելու դեպքում կարող էր երեխայի կյանքը վտանգել... Մահվան մահիճ հիշեցնող անկողնում կնոջ ցավի ու վիրավորանքի արցունքները ցողել էին նրա ճերմակ կուրծքը, աչքերը ամոթից փակել էր ու հեկեկում էր, իսկ պրոֆեսորը բորենու նման խոշտանգում էր մոր լույս մարմինը... Չմոռացավ վերջում հիշեցնել.«Չուշացնե՛ք, երկրորդ վիրահատության փողը մեկ օր առաջ կբերե՛ք»: Կինը երկար հեկեկում էր: Աչքերի առջև վերակենդանացման բաժանմունքում վիրակապերի մեջ տնքացող որդին էր. «Միայն թե փրկեմ նրա ջահել կյանքը»...
-Պրոֆեսոր Գաբրիելյանի հարազատներին խնդրում եմ դուրս գալ վերակենդանացման բաժանմունքից,- կարգադրեց գլխավոր բժիշկը:
Սարքի էկրանին կամաց-կամաց թուլանում էին սրտի կծկումները: Գաբրիելյանի աչքերի առջևով անցնող պատկերները արդեն մշուշվում էին... Բոլոր բժիշկները, քույրերը, նույնիսկ տեխնիկական անձնակազմը հավաքվել էին տեսնելու քաղցկեղով հիվանդների Գաբրիել հոգեառի երկար սպասված հրաժեշտը:


-Պատերազմի ժամանակ դաշտային հոսպիտալում ես թշնամու երեք զինվորի եմ վիրահատել, փրկել նրանց կյանքը: Որպես բժիշկ հպարտ եմ դրա համար, իմ մասնագիտական ու մարդկային պարտքն եմ կատարել: Բայց մենք սրա նմաններին չպետք է փրկենք, բան կա, որ մասնագիտական պարտքից էլ վեր է. դա խղճի պարտքն է: Իսկական թշնամին սա է: Քաղցկեղը միայն նրա մարմնում չէ, նրա հոգին լիքն է քաղցկեղի մեթաստազներով, չարությամբ ու ատելությամբ: Մի հեղափոխություն պիտի լինի, որ սրա նմանների հոգու մեթաստազները մաքրի: Եվ թող մեր հանցավոր լռության համար ներեն մեզ այն ննջեցյալների հոգիները, որոնք այս սրիկայի զոհերը դարձան: Մեր փրկության ճանապարհը ապաշխարանքով է սկսվելու: Բոլորդ նայեք ու հիշեք, թե ինչ չպետք է անի բժիշկը: Ցավազրկող այլևս մի սրսկեք և տեսեք, թե ինչ ծանր է հոգին տալու, եթե հոգի ունի տալու,- կոլեկտիվին ասաց գլխավորը և թեքվեց մեռնող պրոֆեսորի կողմը:- Տակա՛նք, գոնե այն կյանքում հիշիր, որ կյանքը բումերանգ է: Դու այնտեղ կհանդիպես քո սպանած հիվանդներին: Շտապի՛ր, նրանք սպասում են:

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 110217

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ